ՊՈԵԶԻԱՅԻ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 21-ին, հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի ծննդավայրում՝ Նինոծմինդայի Գանձա գյուղում, նշվեց ավանդական «Պոեզիայի Տերյանական օրը»։
Դաշտահանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց Գանձայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը: Այնուհետեւ ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահի տեղակալ Դավիթ Շեմոքմեդելին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:
Ընթերցել...
«ԳԻՔՈՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Ժամանակակիցները պատմում են, որ Թիֆլիսում «Գիքորի» անդրանիկ բեմադրությանը հրավիրված Թումանյանը, մինչ ներկայացման ավարտը, անցնում է կուլիսներ, գտնում ռեժիսորին եւ հուզված դիմում նրան. «Դահլիճում կանայք լաց են լինում, շատ տխուր ու ճնշող մթնոլորտ է, խնդրում եմ, այնպես արեք, որ Գիքորը վերջում չմեռնի…»։ Զարմանք կտրած ռեժիսորը, չգտնելով որեւէ պատասխան, ապշած նայել է հեղինակին…
Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ստուդիայի դիպլոմային ներկայացումը՝ Հովհ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմադրությունը, կայացավ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի փոքր սրահում, հուլիսի 20-ին։ Հանդիսատեսը, բնականաբար, նույնպես դիտեց փոքրիկ հերոսի տխուր ճակատագիրը վերապրելու ու, հատկապես, նրա ողբերգական վախճանի տագնապոտ սպասումով…
Ընթերցել...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ
Հուլիսի 13-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն իրականացրեց Վրաստանի հայահոծ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան:
Այցելության ընթացքում կայացավ Հայաստանի դեսպանի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Վանո Ծիկլաուրու հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վրաց-հայկական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում: Պետական լիազորն ու դեսպանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք բերվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն: Նույն օրը Հայաստանի դեսպանը մասնակցեց Ախալքալաքիի շրջանում, աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը:
ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆ Է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ ԱԽԱԼՔԱԼԱՔԻԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
- Պարոն Մովսիսյան, վերջին տարիներին բավականին փոփոխություններ են գրանցվել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ընդհանրապես եւ կոնկրետ Ախալքալաքիի մունիցիպալիտետում։ Խոսքը վերաբերում է հիմնականում ենթակառույցների զարգացմանը։ Ի՞նչ կասեիք այդ մասին։ - Իրոք, վերջին տարիներին մեր երկրամասում աննախընթաց առաջընթաց է գրանցվել։ Կարճ ժամանակահատվածում, Ջավախեթիի տեսքը լիովին փոխվել է, կառուցվում ու ասֆալտապատվում են ճանապարհները, կարգավորվել է Հայաստանի հետ կապող Ախալքալաքի-Նինոծմինդա-Աշոցք մայրուղին, համաշխարհային չափորոշիչներով վերանորոգվել է Ախալքալաքի-Նինոծմինդա- Ծալկա-Թբիլիսի ճանապարհը։ Բարեփոխվել են շրջանի ճանապարհները։ Վերանորոգման լայն ծավալի աշխատանքներ են իրականացվում նաեւ անմիջականորեն Ախալքալաքիում։ Ասֆալտապատվել են քաղաքի մի շարք փողոցներ։ Ասֆալտապատվել ու լուսավորվել են Ախալքալաքի-Կարծախ, ինչպես նաեւ Ախալքալաքի-Արագվա տանող ճանապարհները։ Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կառուցվել են միջազգային չափանիշերին համապատասխանող մարզահամալիրը եւ փակ լողավազանը, վերանորոգվել կամ կառուցվել են դպրոցներ եւ այլ ենթակառույցներ։ Հենց վերջերս շահագործման հանձնվեց Ախալքալաքի-Բակուրիանի ճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածը, որը մունիցիպալիտետի տասնյակ գյուղերի բնակիչների համար հաղորդակցության ընդլայնման եւ իրենց ուժերով թողարկած մթերքների իրացման ծավալների ավելացման հիանալի հնարավորություն է ստեղծում։
Ընթերցել...
ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԸ
Ստեղծագործող անհատը, նկարիչ կլինի նա, թե գրող-բանաստեղծ, երաժիշտ, թե դերասան, անկախ իր տարիքից, սկսնակ է նա, թե փորձ ուսած վարպետ, մշտապես ունի խրախուսման կարիք։
Դա նրա թթվածինն է, որը ապահովելու ուղղությամբ, վերջերս, իր պատշաճ դերակատարումն է բերում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը։ Հենց այդ նպատակով էլ՝ հուլիսի 16-ին «Հայարտանը» բացվեց ցուցահանդես՝ նվիրված նախկին Խորհրդային նկարիչների միության անդամ, Վրաստանի նկարիչների միության անդամ, Վրաստանի հայ նկարիչների միության անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին։ Վերնիսաժին պարզվեց, որ ժամանակին պատանի Լեւոնին հայտնաբերել ու դեպի գեղանկարի աշխարհն է ուղղորդել ոչ այլ ոք, քան հռչակավոր, հայ քանդակագործությունը աշխարհին ներկայացնող Երվանդ Քոչարը… Որ Լեւոն Օսիպովի կերտած սկահակներից մեկը զարդարում է Ֆիդել Կաստրոյի գրասեղանը… Որ ինքը, իր մարդկային նկարագրով, կենսուրախ, մարդամոտ, հյուրասեր ու մարդամեծար ա՚յն թբիլիսցին է, ում դուռն ու սեղանը բաց ու լի են ծանոթ֊անծանոթի համար։
Ընթերցել...
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Հուլիսի 12-ին Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին հանդիպում ունեցավ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին վրաց-հայկական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ եւ կարեւոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության եւ դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:
ՀԱԿՈԲ ԲԼՐՑՅԱՆ. ՍԻՐՎԱԾ ՈՒ ՀԱՐԳՎԱԾ ԽՄԲԱԳԻՐ
Հակոբ Արամի Բլրցյանը ծնվել է 1912 թվականին, Ախալքալաքիի շրջանի Չամդուրա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո, 1930 թվականին ընդունվել եւ հաջողությամբ ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանը, որից հետո շուրջ տասը տարի դասավանդել է շրջանի դպրոցներում։ 1941 թվականին ընդունվել եւ ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Եղել է Ախալքալաքիի շրջանի կրթության բաժնի վարիչ, շրջանային թերթի խմբագիր։ 1945 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է Վրաստանի կոմկուսի Ախալքալաքիի շրջկոմի երկրորդ, ապա առաջին քարտուղար։ 1959 թվականից մինչեւ 1986 թվականը եղել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագիրը։ Վախճանվել է 1993 թվականին, Թբիլիսիում։
…1959 թվականի հունվար ամիսն էր։ Սովետների երկիրը պատրաստվում էր կոմկուսի 21-րդ համագումարի աշխատանքին, որը բացվելու էր նույն ամսի 25-ին։ Վրաստանից այդ համաժողովին մասնակցող պատվիրակության կազմում էր նաեւ Ախալքալաքիի կուսշրջկոմի առաջին քարտուղար Հակոբ Արամի Բլրցյանը։ Ես՝ երիտասարդ լրագրողս, այն ժամանակվա թերթի խմբագիր, լուսահոգի Զավեն Պողոսյանից հանձնարարություն ստացա հարցազրույց անցկացնել Հակոբ Արամիչի հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Հանդիպումը նրա հետ կայացավ «Սաքարթվելո» հյուրանոցում։
Ընթերցել...
ՆՈՐԻՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԷՐ ՍՈՆԱ ՎԱՆԸ
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հանդիպման երեկո՝ նախկինում երեւանաբնակ, այժմ Ամերիկայում ապրող ու ստեղծագործող բանաստեղծուհի Սոնա Վանի հետ։
Սոնա Վանի առաջին՝ «Փշրանքներ», ժողովածուն լույս է տեսել 1996-ին, Լոս Անջելեսում, որին հետեւել են «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Զառա անունով թռչունը» գրքերը։ Վերջինս Երեւանում արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին։ 2006-ին Սոնա Վանը հիմնադրեց «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսը։ Նրա պոեզիան թարգմանվել է վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, բելառուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ղազախերեն… Երեկոյին ելույթներ ունեցան բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, գեղանկարիչ Նոդար Սոլողաշվիլին, Երեւանից ժամանած գրականագետներ Ռուզաննա Արիստակեսյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։
Ընթերցել...
|
|